ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ընդունվել է վարույթ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔԳՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: