ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուժ է զգացել մեջքի հետևում և որոշ պահի որոշել է փոխել խաղի կանոնները։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումը։
Ավելի վաղ ապրիլի 24-ին հայտնի է դարձել, որ Փաշինյանի և Կարապետյանի բանակցությունները չեղյալ են հայտարարվել։
Քաղտեխնոլոգը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ Փաշինյանին համարում է փորձառու գործիչ։
«Ուժեղացնելով փողոցում բողոքները` Փաշինյանը զուգահեռաբար փորձում է ստանալ ուժի արտաքին կենտրոնների աջակցությունը։ Կարելի է ասել, որ ընդդիմադիրը գնդակը նետել է այդ կենտրոնների դաշտ։ Այդ մասին վկայում է թեկուզ երեկվա մամուլի ասուլիսը արտասահմանյան ԶԼՄ-ների համար», — ասաց Քոչարյանը։
Նա ուշադրություն դարձրեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որը Ծիծեռնակաբերդ այցելելու ընթացքում հայտարարել էր Կարապետյանի աշխատելու պատրաստակամության մասին։ Նույնպիսի ուղերձ է պարունակել ՌԴ վարչապետի և Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցը։ Փորձագետը չի բացառում, որ Փաշինյանն ինքն է փորձում հիմա ստանալ աշխարհաքաղաքական գոտիների աջակցությունը։
Ինչ էլ լինի, ներկա քաղաքական դիմակայության երկու կողմերը հասկանում են, որ հրապարակում անհնար է վարչապետ ընտրել։ Հետևաբար բանակցությունները վաղ թե ուշ կկայանան։ Փորձագետը պնդում է, որ հիմա մկանների խաղ է ընթանում. Փաշինյանը փորձում է պահել փողոցը, Կարապետյանն ու ՀՀԿ-ն` վարչական և ֆինանսական ռեսուրսները։ Ով կդիմանա ժամանակի փորձությանը, նա էլ կհաղթի։
Հիշեցնենք, որ Փաշինյան-Կարապետյան բանակցությունների չեղարկման պատճառը ընդդիմադիրի պահանջն էր։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին առաջարկել է բանակցություններն անցկացնել «երեք+երեք» ձևաչափով։ Մինչ այդ էլ խոսվել է դռնփակ բանակցությունների մասին։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարել այդ պահանջներն ու բանակցությունների ձևաչափը` նշելով, որ Փաշինյանը փորձում է թելադրել բացառապես իր պայմանները։
Բանակցությունների ձախողումից հետո ապրիլի 25-ի առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի զանգվածային ակցիաները։ Փաշինյանը պահանջում է, որ ՀՀԿ-ն հրաժարվի իշխանությունից, վարչապետի պաշտոնում ընտվի «ժողովրդական թեկնածուն» և գումարվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։