Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան», Կոմիտասի, Սայաթ Նովայի հուշարձան, «Սարդարապատ» հուշահամալիր… Դժվար է գտնել հայի, որը ծանոթ չէ հայտնի մոնումենտալիստ քանդակագործ Արա Հարությունյանի աշխատանքների հետ։ Սակայն քչերը գիտեն, որ նրա ստեղծագործությունները չորս տասնամյակ ընդմիջումով հայտնվել են նշանավոր Vogue-ի էջերին, այն էլ այնպիսի սուպերմոդելների հետ, ինչպիսիք են Ջերի Հոլը և Քիմ Քարդաշյանը։
1975-ն էր, երբ առաջին անգամ խմբագրությունը հերթական համարը որոշել է նվիրել ԽՍՀՄ-ին։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, պարբերականի համար Vogue-ի առաջատար մոդել և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Միք Ջագերի քաղաքացիական կինը` Ջերի Հոլը, մի շարք ֆոտոսեսիաներ է անցկացրել նախկին ԽՍՀՄ տարածքում, այդ թվում` Կարմիր հրապարակում։ Նրան լուսանկարել է լեգենդար բրիտանացի լուսանկարիչ Նորման Պարքինսոնը։
«Հայաստանում եղած ժամանակ նկարահանող խումբը մեկնել է Սևան, որտեղ Ջերին նկարվել է լողազգեստով։ Այնտեղ Պարքինսոնը տեսել է ականավոր նկարիչ ու քանդակագործ Հարությունյանի «Արշալույս» մոնումենտալ գործը», — պատմեց է նա։
Հենց այդպես են հայտնվել հիանալի լուսանկարները, որոնցում ամերիկացի գեղեցկուհի Ջերին լողազգեստով կեցվածք է ընդունում «Արշալույսի» պատվանդանին։
Արմենը հավելեց, որ 1963թ-ին ալյումինից պատրաստված չորսմետրանոց հուշարձանն ի սկզբանե դրվել է Երևանում` ՎԴՆԽ-ի (Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես, այժմ չի գործում) դիմաց, ավելի ուշ այն տեղափոխել են Երևան-Սևան մայրուղի։


«Ահա այսպիսի հետաքրքիր ձևով է Vogue-ն իր էջերում ներկայացրել Հայաստանը», — նշեց նա։
Ի դեպ, ավելի ուշ Ռուսաստանում՝ ամսագրի 25-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ, հենց այդ լուսանկարն է հայտնվել թե՛ ամսագրի համարում, թե՛ կայքում` որպես լավագույններից մեկը։
Հետաքրքիր է՝ 40 տարի անց լեգենդար պարբերականում հայտնվում է Արա Հարությունյանի ևս մեկ ստեղծագործություն, այս անգամ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը։
«Դա տեղի է ունեցել 2015թ-ին, երբ Քարդաշյան ընտանիքը եկել էր պատմական հայրենիք։ Երևանում Քիմը նկարվել է հուշարձանի մոտ հատուկ Vogue-ի ֆոտոսեսիայի համար։ Այսպիսով, քանդակագործի աշխատանքը ևս մեկ անգամ զարդարել է հայտնի ամսագիրը», — նշեց արվեստաբանը։
Հիշեցնենք, որ տվյալ պահին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ընթանում է «Մոնումենտալ երևակայում» ցուցահանդեսը` նվիրված ականավոր հայ և խորհրդային քանդակագործ Արա Հարությունյանի 90-ամյակին, որն իրենից հետո հսկայական ժառանգություն է թողել։ Ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 10-ը։