ԵՐԵՎԱՆ, 22 ապրլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ` միաժամանակ նշելով, որ ՀՀ զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
«Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»,- նշված է ՀՀ ՊՆ տարածածած հաղորդագրության մեջ։
Ըստ այդ հաղորդագրության` համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան:
«Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջև ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը»,- ասվում է հաղորդագրությա մեջ:
ՊՆ-ն հորդորում է` երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված և կայուն փոխգործակցություն:
ՀՀ ՊՆ կոլեգիան չարտոնված զանգվածային միջոցառումների և հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ: Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և գործողությունների խաղաղ բնույթ վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետևանքների, այլև առաջնագծում կանգնած մեր հրամանատարների և զինվորների համար ձևավորվող վտանգների մասին։