ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ պաշտոնական կայքում հայտարարություն է ներկայացրել, որում նշել է, որ այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին ա կրելու են համարժեք պատասխանատվություն:
«Ամենայն մանրամասնությամբ հետևել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների և իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ դեպքերում արձանագրվել են նաև իրավախախտումներ, այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց նկատմամբ իշխանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված վերաբերմունք՝ հաճախ գնալով զիջումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն` միջազգային տարբեր հարթակներից, Սփյուռքից, քաղաքացիական հասարակությունից, բազմաթիվ քաղաքական ուժերից, ինչպես նաև իշխանության կողմից հնչել են բանակցելու, քննարկումներ կազմակերպելու, իրավիճակը սրացումից զերծ պահելու բազմաթիվ հորդորներ: Հանրապետության նախագահն անձամբ է այցելել դժգոհությունների ամենաթեժ հարթակ ու անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորել նստել քաղաքական երկխոսության:
Դրան հաջորդել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ցավոք, այս վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետևանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք:
Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ Արա Բաբլոյանը կոչ է անում ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:
Նա զսպվածության ու հանդուրժողականության կոչ է անում մեր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, մեր քույրերին ու եղբայրներին, մեր զավակներին ու երիտասարդներին: