ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Չինական ընկերությունը պատրաստվում է Սևանա լճի ափին վերականգնել հանքային ջրերի խորհրդային գործարանը։ Համագործակցության մասին հուշագիրը ստորագրել են Yida Group կոնցեռնը և բիզնեսի աջակցության Business Armenia կազմակերպությունը։
Լիճք գյուղում խորհրդային տարիներին հանքային ջուր են արտադրել։ Հիմա գործարանից միայն պատերն են մնացել։
New Yida ընկերության ղեկավար (Yida Group-ի դուստր ընկերությունը) Լյուո Գանն այսօր Երևանում հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է ամբողջ արտադրանքը արտահանել Չինաստան, որտեղ շատ պահանջված է մաքուր ջուրը (թե՛ գազով, թե՛ առանց)։
Նրա խոսքով` հեռավորությունը և ծախսերը խոչընդոտ չեն։ Չինաստանում ջուր է վաճառվում Ֆրանսիայից և Իտալիայից։ Հայկական ջուրը որակի և գնի լավ հարաբերակցություն է, հավելեց նա։
Չինացիները գործին մոտեցել են իրենց բնորոշ բծախնդրությամբ. ջրի նմուշները մի քանի անգամ անալիզի են հանձնել և մանրակրկիտ ուսումնասիրել շուկան։ Ուզում են մեկ շիշ ջուրը 6-7 դոլարով վաճառել հյուրանոցներում, ռեստորաններում, հնարավոր է անգամ կառավարական շենքերում։
Կներդրվի շուրջ 5 միլիոն դոլար, կաշխատեն մոտ 50 մարդ։