ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի քաղաքական փորձն ու պրոֆեսիոնալիզմը կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։
«Հուսով եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ստեղծված ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն երկու պետությունների ժողովուրդների օգտին։ Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն և նոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամական ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն», — նշված է ուղերձում։
Սարգսյանը վարչապետ ընտրվեց ապրիլի 17-ին խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Նոր սահմանադրության համաձայն` վարչապետի ձեռքում է կենտրոնանում երկրի ամբողջ իրական իշխանությունը։