ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ի երեկոյան Երևանի կենտրոնում անկարգությունների մասնակիցներից մեկի ինքնությունը հայտնի է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նա Երևանի բնակիչ է։
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս»,– ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու համար նախաքննական մարմինը հարցաքննում է տարբեր անձանց, զննության ենթարկվում կատարված տեսագրությունները։
Իսկ արդեն հայտնաբերված անձը ձերբակալվել է։