ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Facebook-ի ու Google-ի ալգորիթմները ստեղծված չեն տեղատվությունն ինչ-որ մեկի քաղաքական շահերի օգտին ուղղորդելու համար։
Սակայն տեսականորեն դա ավելի հավանական է, քան գործնականորեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` մեկնաբանելով Sputnik News-ի համար անցկացված հարցումը, որն իրականացրել է Ֆրանսիայում հասարակական հարցումներով զբաղվող ամենահին ընկերությունը։
«Պարզվել է, որ Facebook-ն օգտատերերի վրա փորձեր է անցկացրել` աշխատանքի ալգորիթմը, մարդկանց վրա ազդեցությունը պարզելու նպատակով։ Facebook-ի ալգորիթմի իմաստը օգտատերերին պահելն է», — ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` Facebook-ն ինքն է ընտրում` ինչ տեսնի մարդը։ Նույն ալգորիթմն օգտագործում է Google որոնողական համակարգը։ Յանդեքս.Լուրերի ալգորիթմը նույնպես որոշում է` ինչ լուրեր է պետք տեղադրել ամենաընթերցվածների շարքում։
Փորձագետը պարզաբանում է, որ այդ ամենը ավտոմատացված համակարգներն են ընտրում, ու այստեղ դժվար է խոսել քաղաքական մանիպուլյացիաների մասին։
«Facebook-ի դեպքում դժվար է խոսել անաչառության մասին, քանի որ այդ հարթակում ոչ բոլորը հավասար իրավունքներ ունեն։ Ով ավելի շատ գումար ունի, նա (գովազդի միջոցով) իր նյութերը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ ունի», — պարզաբանեց Մարտիրոսյանը։
Նա կարծում է, որ դա մարդուն խանգարում է ճիշտ ընկալել աշխարհը։ Թե ինչ պետք է տեսնի ու կարդա մարդը, Facebook-ը որոշում է ըստ այդ մարդու և նրա ընկերների համացանցային գործողությունների։
Sputnik News-ի հարցումն անցկացվել է 2018 թվականի մարտի 22-ից 27-ը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 5 029 մարդ։
Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին` արդյո՞ք Google-ն ու Facebook-ն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնո՞ւմ` ելնելով ինչ-որ մեկի քաղաքական շահերից, թե այդ ընկերությունների տեղեկությունն անաչառ է։
Գերմանացիների (68%), իտալացիների (60%), ամերիկացիների (60%), ֆրանսիացիների (57%) ու բրիտանացիների (54%) մեծ մասը կարծում են, որ Google-ն ու Facebook-ը ալգորիթմների օգնությամբ մանիպուլացնում են «պատկերը»։
Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում երիտասարդներն ավելի շատ են հակված մտածելու, որ Google-ն ու Facebook-ն ուղղորդում են տեղեկատվությունը. Ֆրանսիայում այդպիսի կարծիք են հայտնել մինչև 35 տարեկանների (հատկապես առանձնացել են 18-24 տարեկանները) 62%-ը, ԱՄՆ-ում` 71%-ը։
Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում հակառակ իրավիճակն է։ Ալգորիթմները քաղաքական նպատակներով օգտագործելու հարցում համոզվածների մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։ Իտալիայում այդպես են կարծում 35-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների 62%-ը և մինչև 35 տարեկան տարիքային խմբի 53%-ը։ Մեծ Բրիտանիայում 25 տարեկանից բարձր տարիքային խմբում մարդկանց 56% են այդպես կարծում, իսկ 18-24 տարեկանների 43%-ը։
Բոլոր երկրներում համացանցային ընկերությունների մանիպուլյացիաները հավանական են համարում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց 71%-ն է մանիպուլյացիաներին հավատում, մասնագիտություն չունեցողների 44%-ը, և բակալավրիատն ավարտածների 56%-ը։ Գերմանիայում այդպես են կարծում բարձրագույն կրթություն ստացածների 76%-ը, միջնակարգ կրթություն ունեցողների 66%-ն ու տարրական կրթություն ունեցող մարդկանց 57%-ը, Մեծ Բրիտանիայում 69%-ն` ընդդեմ 49% և 39%-ի, ԱՄՆ-ում` 74%-ն ընդդեմ 51% և 53%-ի։