ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դադարեցրել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ընկերության, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերի աշխատանքը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ դրանցում հացն արտադրվել է սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել անհրաժեշտ որակին ու անվտանգության չափանիշներին։
Հացն ու հացաբուլկեղենն արտադրամասերից վաճառակետ է տեղափոխվել չթույլատրված տարաներով, հումքը, բաղադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում: