ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի փողոցներ դուրս եկած ցուցարարները` ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցնելով Խանջյան, Պարոնյան փողոցներով, միացան Հաղթանակի կամրջի երթևեկությունն արգելափակած ցուցարարների խմբին։
Մինչ այդ Հաղթանակի կամրջի վրա և Օրբելի փողոցում ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փորձում էին դուրս բերել գետնին նստած քաղաքացիներին` ազատելով երթևեկելի հատվածն ու բացելով երթևեկությունը
Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին գնալ Հաղթանակի կամուրջ և Օրբելի փողոց, միանալ այնտեղ կենտրոնացած խմբերին, քանի որ նրանց ուժերն ու թվաքանակը բավարար չեն փողոցը փակ պահելու համար։
Ակցիայի ղեկավարը միաժամանակ հայտարարեց նաև, որ ցուցարարներն արդեն ծարավ ու քաղցած են և կոչ արեց քաղաքացիներին ջուր ու բրդուճներ հասցնել նրանց, օգնել ով ինչով կարող է։