ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակից ուսանողներն այս պահին փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը։
Ակցիայի մասնակիցների և արգելափակված ավտոմեքենաների վարորդների միջև լարված իրավիճակ է։ Վարորդներից մեկը, փորձելով շրջադարձ անել ու ճեղքել կենդանի ուսանողների պատնեշը, հարվածեց դիմացի ավտոմեքենային։
Երկու վարորդները, դուրս գալով ավտոմեքենաներից, հայտարարեցին, որ միանում են ակցիայի մասնակիցներին։
Նշենք, որ ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան, Իսահակյան, Կորյունի և Աբովյան փողոցները։
Ցուցարարները փակված փողոցներում նաև բարիկադներ են կառուցել` երթևեկելի հատվածները պատնեշելով փողոցում տեղադրված նստարաններով ու աղբամաններով։
Հիշեցնենք` քաղաքացիական անհնազանդության ակցիաները նախաձեռնել են «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչները, որոնց նպատակն է խափանել Սերժ Սարգսյանի` վաղը նախանշված ընտրությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։