ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Թուրքիայի բնակչության մասին տվյալների գենետիկ բազան, որը համացանցում հրապարակվել է փետրվարի կեսերին, արդեն ավելի քան 8 միլիոն մարդ է դիտել։
Ովքե՞ր են դիտել և ինչու՞։ Շվեյցարական SRF ռադիոկայանի եթերում այս հարցերին է պատասխանել Ստամբուլում Neue Zurich Zeitung շվեյցարական պարբերականի թղթակից Մարկո Քաուֆմանը։ Ներկայացնում ենք ռադիոհաղորդման հիմնական մասի թարգմանությունը։
- Այդ տվյալների բազան ցույց է տալիս, որ թուրքերից շատերի նախնիները քրդական, հունական, հայկական և հրեական արմատներ ունեն։ Նման տվյալները չե՞ն խարխլում հասարակության հիմքերը։
– Խարխլում են, որովհետև ազգային և կրոնական արմատների հարցը շատ նուրբ թեմա է Թուրքիայում։ Ընտանիքներում տասնամյակներ շարունակ լռում են այդ մասին։ Ոմանք միայն մահվան շեմին են ասում, որ իրենք, օրինակ, հայկական արմատներ են ունեցել։ Վերջին 10 տարում մարդիկ սկսել են զգուշությամբ հետ նայել։ Բայց 2016թ-ին հեղաշրջման փորձից հետո ամեն ինչ փոխվեց։ Թուրքիան ազգայնամոլության կողմ շրջվեց։
Խտրականություններ միշտ են եղել։ Հայկական թերթերից մեկը մի քանի տարի առաջ գրել էր, որ հույները բնակչության թուրքական գրանցամատյանում նշվում են 1 թվով, հայերը՝ 2, հրեաները՝ 3։ Նրանք չէին կարող կարևոր պաշտոններ զբաղեցնել վարչակազմում։ Առայժմ պարզ չէ, թե որքանով է այդ փորձը կիրառվում նաև այսօր։
- Իսկ էրդողանական Թուրքիայում ո՞ւմ են իսկական թուրք համարում։
– Նրանց, ովքեր սունիներ են և թուրքերեն են խոսում։ Հայերը, քրդերը, ալևիներն ու մյուս փոքրամասնությունները կասկածի տակ են՝ որպես արտաքին ուժերի գործակալներ։
Ազգայնամոլներն արդեն ավելի են ակտիվացել սոցիալական ցանցերում և ոչ միայն այնտեղ։ Դեռ արխիվները բացելուց առաջ հաճախակի են դարձել ալևիների կազմակերպությունների վրա հարձակումները։
Երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն է առաջանում, թե ովքեր են եղել իրենց նախնիները։ Ավելանում են նաև գործնական դատողությունները. ով հունական արմատներ ունի, նա եվրոպական անձնագիր ստանալու հնարավորություն ունի։
Էթնիկ ու կրոնական պատկանելությունը ցավոտ հարց է Թուրքիայի համար, և եթե թուրքերի մեծ մասի նախնիները հայեր, թուրքեր ու քրդեր են եղել, ապա տվյալների բազան կարող է քաղաքական ռումբ դառնալ։