ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Կանադայի փոստային ծառայությունը նամականիշ է թողարկելու Եղիսաբեթ II–ի պատկերով։ Այդ լուսանկարի հեղինակն է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշը։ Այս մասին հայտնում է ֆիլատելիստների համար նախատեսված Linn's Stamp News պարբերականը։
Նամականիշի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Նրա անվանական արժեքն 85 ցենտ է։

«Նոր նամականիշի վրա տպագրվող դիմանկարը պատկերում է թագուհուն 1951 թվականի հուլիսի հայտնի նիստի ժամանակ, երբ նրան դեռ բոլորը Ձերդ Թագավորական Մեծություն արքայադուստր Եղիսաբեթ էին անվանում։ Ավելի քան 40 տարվա ընթացքում Քարշը Ձերդ գերազանցությանը լուսանկարել է հինգ անգամ։ Ընդ որում, նա երկու անգամ լուսանկարել է Եղիսաբեթին նախքան նրա թագուհի դառնալը», – գրված է պարբերականում։
91-ամյա թագուհին Ազգերի ընկերակցություն ղեկավար է և, բացի Միացյալ Թագավորությունից, 15 անկախ պետությունների թագուհի` Ավստրալիա, Անտիգուա և Բարբուդա, Բահամյան կղզիներ, Բարբադոս, Բելիզ, Գրենադա, Կանադա, Նոր Զելանդիա, Պապուա` Նոր Գվինեա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լուչիա, Սողոմոնյան կղզիներ, Տուվալու, Ճամայկա:
Նոր նամականիշի ստեղծումը նվիրված է Եղիսաբեթ II թագուհու թագադրություն 65-ամյակին։ Մի շարք պատկերներից, որոնք հավակնում էին հայտնվել հոբելյանական նամականիշի դիմերեսին, ընտրվել է Յուսուֆ Քարշի արած դիմանկարը։
Դիմանկարի դասականը կարողացել է կերտել ու ձևավորել լուսանկարում պատկերված անձի կերպարը, որին այլ կերպ արդեն նույնիսկ պատկերացնելն անհնար է։ Պատմության սիրահարների, ինչպես նաև հասարակ մարդկանց հիշողության մեջ հենց Քարշի դիմանկարներն են հայտնվում, երբ փորձում են հիշել պատմական որևէ անձնավորության։
1967 թվականին Յուսուֆ Քարշն արժանացել էր Կանադայի շքանշանի և այդ շքանշանի սպայի կոչմանը։ Իսկ The International Who's Who հայտնի անձանց ցանկը ներկայացնող գիրքը, որը լույս է տեսնում 1935 թվականից, 2000 թվականին հաշվել է, որ ХХ դարի աշխարհի ամենաազդեցիկ անձանց հարյուրյակից Քարշը լուսանկարել է 51–ին։
Linn's Stamp News–ը, որը լույս է տեսնում 45000 տպաքանակով, ԱՄՆ–ում խոշորագույն թերթ է ֆիլատելիստների համար (2003 թվականի տվյալ)։