ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Մերձերկրյա ուղեծիրը խցանած տիեզերական աղբի ու մարդածին օբյեկտների դեմ պայքարը ժամանակակից գիտնականների առաջնահերթ խնդիրն է։ Այդ գործընթացին ակտիվորեն մասնակցում է Բյուրականի աստղադիտարանը։
Այս մասին այսօր լրագրողներին ասաց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով` ամեն տեղ, որտեղ մարդ գործունեություն է ծավալում, իր հետևից անպայման աղբ է թողնում։
«Հայաստանն անմիջական մասնակցություն ունի տիեզերքի ուսումնասիրության հարցում։ Աստղադիտարանի աշխատակիցները «Ռոսկոսմոսի» հետ համագործակցելու շնորհիվ տիեզերական աղբի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ են տանում», — նշեց Հարությունյանը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։
Տիեզերական աղբի հայտնաբերման ու ուսումնասիրման ծրագրի շրջանակում Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար երկու միլիոն եվրո է հարկավոր։ Հիշեցնենք` 2011 թվականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ու «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալությունը համագործակցության համաձայնագրիր են ստորագրել։
«Երկրի վրա աստղադիտակների օգնությամբ իրականացված աշխատանքը թույլ է տալիս հետագայում խուսափել տիեզերանավերի բախումներից»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ այսօր Երկիր մոլորակի շուրջ մոտ 6-7 տոննա միլիոն մետաղ է պտտվում։
Սակայն տիեզերանավերի բեկորները միակ խնդրը չեն, քանի որ երկնքում նաև վտանգավոր աստերոիդներ կան։
Հայկական գիտնականների միջազգային համագործակցությունը շարունակվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի ու եվրոպական գրեթե բոլոր երկրների հետ։ Սակայն, իհարկե, կան խնդիրներ, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն։
«Այսօր հայկական գիտության, աստղաֆիզիկայի ու աստղադիտարանի գլխավոր խնդիրը կադրերի պակասն է։ Իհարկե, մենք ֆինանսներ ու հնարավորություններ ունենք, որ մեր մասնագետներին գործուղենք արտասահման։ Հիմնականում մեր ոլորտում աշխատում են անփորձ երիտասարդները կամ 60-ն անց մարդիկ», — նշեց Հարությունյանը։
Ցավալի է, որ չկան 35-55 տարեկան մասնագետներ, որոնք կարող էին զարգացնել աստղագիտությունը, գիտությունը։ Իսկ դա, Հարությունյանի խոսքով, կապված է նրա հետ, որ 90-ականներին ու 2000-ականներին մարդիկ ստիպված էին մտածել գումար վաստակելու, ոչ թե գիտության մասին։