ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի կառավարությունն առանց լրագրողների իրեն ավելի լավ է զգում։ Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստից դուրս դահլիճից դուրս եկողները լրագրողներին պատմեցին, թե ինչպես է նիստն անցել առանց նրանց։
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների բացակայությունը չէր էլ նկատել։ «Ոչ մի բան չի փոխվել»,- ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց նա` հավելելով, որ նիստում որևէ բանավեճ չի ծավալվել։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի համար միակ տարբերությունը նախորդ նիստից այսօրվա նիստի տևողությունն է եղել։ «Երկար տևեց, քննարկումներ եղան, դա նաև հարցերից էր կախված, որովհետև հարցերն այնպիսին էին, որ շատերն արտահայտվեցին դրանց վերաբերյալ»,- ասաց Մարտիրոսյանը` չթաքցնելով, սակայն, որ առանց լրագրողների անցած նիստից դրական տպավորություն է ստացել։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ևս շեշտեց, որ նիստն ավելի հագեցած է եղել հարցերով ու քննարկումներով։ «Աշխատանքային, անկաշկանդ ու անկեղծ մթնոլորտ էր»,- ասաց նա։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ նախորդ նիստերի համեմատ ոչ մի տարբերություն այսօր չի նկատել։
Իսկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը լրագրողներին վստահեցրեց, որ իր կանխատեսումներն իրականացել են` կառավարության անդամներն իրենց ավելի անկաշկանդ ու ազատ են զգացել` իմանալով, որ լրագրողները չեն հետևում։
Ի դեպ, եթե նախկինում կառավարության նիստերը, որպես կանոն, տևում էին 30-40 րոպե, այսօրվա նիստը տևեց ավելի քան մեկուկես ժամ։
Հիշեցնենք, որ «ՀՀ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքով, այսօրվանից ՀՀ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ձևաչափով:
Օրենքը մեկնաբանելով` ապրիլի 5-ին Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ նպատակը նիստի մասնակիցների համար առավել ազատ ու անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ ապահովելն է։