ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կինը ճանաչվել է տուժող և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պարզվել է, որ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 1958թ. ծնված տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. վերջինս քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանում:
Սյունիքի մարզի 1958թ. ծնված բնակիչը ապրիլի 9-ին ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող կացինը, քարեր` արնանման նյութի հետքերով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: