ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներն իրենց փորձով գիտեն ղարաբաղյան հակամարտության մասին։ Գյուղը գտնվում է ադրբեջանական մարտական դիրքերի անմիջական հարևանությամբ, և բնակիչների տները պարբերաբար ենթարկվում են գնդակոծության խոշոր տրամաչափի գնդացիրներից։ Սակայն, ինչպես հավաստիացրեց գյուղապետ Նարեկ Սահակյանը, մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց տները։
«Գյուղական դպրոցից մինչև մոտակա ադրբեջանական դիրքի հեռավորությունը կազմում է մոտ 800 մետր։ Գնդակոծության վտանգ գոյություն ունի ցանկացած պահի, բայց մարդիկ արդեն վարժվել են», – այսօր ասուլիսի ընթացքում ասաց Սահակյանը։
Իրավիճակը հատկապես սրվել է 2014թ–ից։ Դրանից հետո ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները պարբերաբար գնդակոծել են գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, բնակիչների տներն ու մեքենաները։ Ընթացիկ տարում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. երեք ամսում գրանցվել է գնդակոծության մեկ–երկու դեպք։
Գյուղապետը նշեց, որ 2016թ–ի ապրիլին`քառօրյա պատերազմի ժամանակ, գյուղի բնակիչները կամավորական գումարտակ են ձևավորել, որն ավելի քան 40 օր հայոց բանակի հետ միասին պաշտպանել է Ադրբեջանի հետ սահմանի` նրանց վստահված հատվածը։ Հետաքրքիր է, որ ապրիլյան թեժացման օրերին ադրբեջանական կողմը գրեթե չի կրակել Բաղանիսի ուղղությամբ։
«Հավանաբար, Բաքվում այդ ժամանակ չեն համարձակվել պատերազմել երկու ճակատով և թեժացումը տեղափոխել հայ–ադրբեջանական սահման», – ասաց Սահակյանը։
Այս տարիների ընթացքում բնակիչները, բանակային ստորաբաժանումների հետ միասին, ինժեներական մեծածավալ աշխատանք են կատարել` ադրբեջանական գնդակոծություններից մարդկանց պաշտպանելու նպատակով։ Սահակյանի խոսքով` մարդիկ չեն շտապում լքել գյուղը` ասելով, որ «Ֆրանսիայում կամ Ռուսաստանում ավելի անվտանգ չէ»։
Բաղանիսի բնակչությունը ներկա պահին կազմում է 830 մարդ, տնտեսությունների թիվը` 262։ Նարեկ Սահակյանի խոսքով` այս տարի ոչ մի գյուղացի չի լքել գյուղը։ Իսկ անցած տարի գյուղը լքել է միայն մեկ ընտանիք։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 18 երեխա, իսկ դպրոցն ունի 100 աշակերտ։
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել` մարդկանց սոցիալ–կենցաղային և տնտեսական պայմանները բարելավելու համար։ Դրանք կոմունալ վճարների, ոռոգման ջրի զեղչերն են, անասնաբուծության և գյուղատնտեսության համար արտոնյալ պայմանները։ Եվս մի նախագիծ է իրագործում «Փարոս» հիմնադրամը։ 2015թ–ից սկսած` հիմնադրամը բազմազավակ ընտանիքներին (երեք և ավելի երեխաներ) 2000–ական դոլար է հատկացնում` անասնաբուծության զարգացման համար։ Ներկա պահին գյուղում կան 22 բազմազավակ ընտանիքներ, որոնցից 11–ն արդեն դարձել են այդ ծրագրի շահառուներ։
Առանձին տնտեսվարող սուբյեկտների ծրագրերի մեջ է մտնում նաև սնկերի և տնական ալկոհոլային խմիչքների արտադրությունը։