ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հանրապետության գրեթե ամբողջ տարածքն ընդգրկած տեղումներն Արմավիրի և Արագածոտնի մարզի որոշ գյուղերում կարկուտի տեսքով են եղել։
Ընդհանուր առմամբ կարկուտից տուժել են 4 գյուղ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններից։
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կարկուտն Արմավիրում վնասներ է հասցրել միայն Արգինա գյուղում, քանի որ գյուղն ավելի մոտ է Արագածոտնի մարզի տարածքին։
Իսկ Արագածոտնում վնասվել են 3 գյուղի պտղատու այգիները։
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ կարկուտ է տեղացել Արդենի, Արագածավան և Գետափ գյուղերում։
«Կարկուտը շատ խոշոր չէր, բայց երկար է տևել, գրեթե 15-20 րոպե»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ վնասը կարող է մեծ լինել, քանի որ մարզի ողջ տարածքում պտղատու ծառերն արդեն ծաղկել են։
Նա, սակայն, վնասների մասին առայժմ ձեռնպահ մնաց խոսել` նշելով, որ դրանք կհաշվարկվեն առաջիկա 3-4 օրվա ընթացքում։