ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Վրաստանի իշխանությունները իրենց աջակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը` կապված մարտի սկզբին բրիտանական Սոլսբերիում նախկին լրտես ազգությամբ ռուս Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սկանդալային թունավորման դեպքի առնչությամբ։ Վրաստանը ևս պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետի։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«Վրաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունն ու պահանջում է նրանից 7 օրվա ընթացքում լքել երկրի տարածքը»,-հայտնել են կառույցից:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:
Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:
Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: