ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ամերիկացի ֆուդ բլոգեր և գրող Քեթրին Սփիրզը կազմել է Լոս Անջելեսի ամենակարևոր տեղերի ցուցակը համադամասեր մարդկանց տեսանկյունից։ Այս մասին հաղորդում է atlasobscura պարբերականը։
Բլոգերը ծանոթ է աշխարհի տարբեր խոհանոցներին և խորհուրդ է տալիս այցելել հայկական ռեստորան` համեղ նախաճաշ ուտելու։ Նրա խոսքով` իսկական հայկական խոհանոցը գտնվում է Կալիֆոռնիայի Կորեաթաունից ոչ հեռու` Փոքր Հայաստան թաղամասում։
How a Food Writer Spends Three Obscure Days in Los Angeles from Atlas Obscura on Vimeo.
Հենց այնտեղ` «Սահակի բաստուրմա» նպարեղենի խանութում, կարելի է հայկական բաստուրմա գտնել, որը Լոս Անջելեսում հայտնի պաստրոմայի «մայրիկն» է։
«Աղը, համեմունքներն ավելացնելու և միսը չորացնելու գործընթացը կատարելության է հասցվել Բյուզանդիայի ժամանակներից։ Հայերն այս ուտեստը պատրաստելու կատարյալ տեխնոլոգիա են մշակել։ Ընտանիքները, որոնք պատրաստել են բաստուրմա, ստացել են «Բաստուրմաջյան» ագանունը։ Հայկական ավանդույթն ապրում է «Սահակի բաստուրմա» գաստրոնոմում` մարդաշատ առևտրի կենտրոնում գտնվող համեստ խանութում», — գրում է Սփիրզը։
Քեթրինի խոսքով` այս հաստատությունը 1987թ-ից մատուցում է ֆիրմային բաստուրմա և այլ դելիկատես` հայկական սուջուխ և լիբանանյան մաանեգ (ապխտած նրբերշիկ)։ Գաստրոնոմում կարելի է տեսնել բազմազան համեմունքներ և ավանդական քաղցրավենիքներ Մերձավոր Արևելքից։
Զարմանալի չէ, որ ճաշացանկի ամենահայտնի կետը բաստուրման է, որը կարելի է գնել ինչպես կտորներով, այնպես էլ կոմպակտ բուտերբրոդի մեջ, որը վաճառվում է ձիթապտղի, կծու պղպեղի և մարինացված բողկի հետ։
«Ձեզ կարող է թվալ, որ բուտերբրոդն անփույթ տեսք ունի, բայց բավական է մեկ անգամ կծել, և կհասկանաք, թե ինչու է «Սահակի բաստուրման» այդքան ուշադիր բաղադրիչների հարցում», — գրում է Սփիրզը։
Նրա խոսքով, չնայած բագետի փոքր-ինչ քաղցր համին և թարմ լոլիկին, բաստուրման «շոշափում» է համային բոլոր ռեցեպտորները, իսկ հիշողությանդ մեջ ընդմիշտ դաջվում է դրա համը։