ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Տարատեսակ համով ուտելիքներով շուկաներ, եզակի զիփլայն, Գառնի հեթանոսական տաճար ու ժայռափոր Գեղարդ, երևանյան Կասկադ։ Այս ամենն ու շատ այլ բաներ է հասցրել տեսնել ու նկարահանել հայտնի հաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը` «Արձակուրդ առանց ուղեգրի» («Отпуск без путевки») հաղորդման հերթական թողարկման մեջ։
Նա ներկայացրել է այն վայրերի յոթնյակը, որն ամեն մի ճանապարհորդ կարող է ներառել իր անձնական ուղեցույցում։
«Ես մի երկրում եմ, որն ունի դժվար, բայց դարավոր պատմություն, գեղատեսիլ լեռներ ու բացառիկ հյուրընկալություն։ Բարև ձեզ, Հայաստան։ Թեև Երևանը 29 տարով Հռոմից մեծ է, այստեղ ընդհանրապես նավթալինի ու թոշնած անցյալի հոտ չի գալիս», – ասել է հաղորդավարը։
Հաղորդման ընթացքում Անդրեյը հուշանվերներ է գնել, հայկական գինի է փորձել, Խոր Վիրապ է այցելել։ Այդ ամենը հաղորդավարին անտարբեր չի թողել։
Երբ Անդրեյը որոշել է անցնել Երևանի «ամենահամեղ» վայրերով, այդ պահին նրան զանգահարել է հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան, որը միանգամից խնդրել է Հայաստանից իր համար համով բաներ բերել։
Իհարկե, հնարավոր չէ առանց հայկական հյուրընկալության։ Չրեր, սուջուխ ու այլ քաղցրավենիք վաճառով կանայք Անդրեյին հյուրասիրում էին։
Հաղորդման մեջ ներկայացված է նաև Սևանը։ Անդրեյը ցույց է տվել Սևանավանքն ու ներկայացրել դրա պատմությունը։
«Իսկ որպես աղանդեր ներկայացնում եմ հայկական սենսացիան։ Վերջերս գիտնականները պարզել են, որ Սևանի ջրերում բարձր է ոսկու պարունակությունը… Այստեղ ամեն ձկնիկը ոսկի է», –կատակել է հաղորդավարը ձկնորսության ընթացքում։
Անդերյն ու նրա նկարահանող խումբը եղել է Ենոքավանի սարերում, շրջել են ձիերով, այցելել են հայկական գորգերի ֆաբրիկա։