ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանի ավագանու նիստերի լուսաբանումը կիրականացվի նույն կանոններով, ինչ Ազգային ժողովում: Այսօր խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«ԱԺ-ում աշխատանքը, կարծում ենք, ավելի արդյունավետ է, և դա կապված է նրա հետ, որ ԱԺ դահլիճում աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Ես նկատի չունեմ, թե լրագրողները խոչընդոտում են մեր աշխատանքը, պարզապես յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու, այլև ձայնագրելու այս նիստի ընթացքը, ես կարծում եմ` իրենց աշխատանքը պատշաճ կատարելու շատ ավելի լայն հնարավորություն է տալիս,- ասաց Հարությունյանը,-իրենք մեզ չեն խանգարում, մենք` իրենց»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց այս պատճառաբանության հետ։
«Սա որևէ կապ չունի կառավարության կառուցվածքի հետ, այլ կապ ունի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն հայտնեցին նաև այն ընթացակարգից, որ նման օրինագծերը կառավարությունը ներկայացնում է ընդհանուր մեծ փաթեթով և արտահերթ կարգով, ինչի հետևանքով պատգամավորները զրկվում են նախագծերի առաջարկները մանրամասն քննարկելու հնարավորությունից»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության առաջարկած օրինագծում ներառված են նաև այլ օրենքներ, որոնցով նախատեսվում է Ոստիկանության պահակապարեկային ծառայությունը (ՊՊԾ) ներառել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կազմում: Իսկ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու մասին օրենքում կառավարությունն ավելացում է առաջարկել` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ:
Դավիթ Հարությունյանի խոսքով` եթե գործող օրենքով հետախուզական նպատակներով գաղտնալսելու իրավունք է տրվում միայն հեռախոսային խոսակցությունները, ապա նոր օրենքը կտարածվի նաև կապի ժամանակակից այլ տարբերակների վրա ևս: Չնայած կարծիքների տարբերություններին, Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատեց կառավարության առաջարկած փոփոխությունները: