ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Արարատի մարզի 22-ամյա բնակչուհուն համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեղադրանք է առաջադրվել։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ 2017թ. հուլիսին Արարատի մարզի մի բնակչուհուց հաղորդում են ստացվել այն մասին, որ ինչ-որ մեկը մուտք է գործել իր ֆեյսբուքյան էջ ու փոխել գաղտնաբառը:
Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ ֆեյսբուքի տվյալները փոխողը կնոջ որդու 22–ամյա ընկերուհին է։ Աղջիկը մի քանի անգամ մուտք է գործել իր ընկերոջ մոր անհատական էջ, փոխել գաղտնաբառը՝ այդպիսով կնոջը զրկելով այն օգտագործելու հնարավորությունից:
Երիտասարդ աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։ Աղջկան սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-400–ապատիկի չափով, կամ ազատազրկում` նվազագույնը 2 ամիս, առավելագույնը` 2 տարի ժամկետով։