ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արթիկի հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում ВАЗ 21099 մակնիշի 35 CX 775 համարանիշի ավտոմեքենա:
Քաղաքացիներ Արթուր Սրապյանն ու Սրապ Հարությունյանը, վարորդ՝ Արևշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ֆերդինանդ Պողոսյանին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նա տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արթիկի հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մարել են հրդեհը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Այրվել է շարժիչի հատվածը և թափքը՝ մասամբ, ինչպես նաև ջերմահարվել է սրահը: