ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Սերժ Սարգսյանի երեկվա` tert.am- ին տված հարցազրույցը տակտիկական անհաջողություն էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար: Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` մինչև երեկ իշխող քաղաքական ուժն ամեն ինչ անում էր վարչապետի անձի վերաբերյալ ինտրիգը հնարավորինս երկար ձգձգելու համար, որպեսզի, Փաշինյանի ձևակերպմամբ, «ապրիլի 16-ին հայտնի դառնա, ապրիլի 17-ին անաղմուկ ընտրվի»: Նախապես որոշված ծրագրից շեղվելու պատճառը, ընդդիմադիր գործչի համոզմամբ, հանրապետությունում վերահսկողությունը կորցնելու մտավախությունն է:
«Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին լքելու է ներկայիս պետական կարգավիճակը: Ապրիլի 9-ին հրաժարական է տալու նաև կառավարությունը, և լինելու է բացառիկ իրավիճակ, երբ մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում գործադիր իշխանություն չի լինելու»,- ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ` իշխանությունները մտավախություն ունեն, որ այս իրավիճակից կարող են օգտվել իրենցից դժգոհ հայաստանցիները: Այս մտավախությունն էլ, նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանին դրդել է հիշյալ հայտարարությունն անելու:
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, «որևէ ինտրիգ չի եղել ու չկա, մեր սիրելի ժողովուրդը ձայն է տվել Սերժ Սարգսյանին` մինչև 2022 թ-ը»։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ tert.am-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ կարող է ընդունել վարչապետի թեկնածու դառնալու կոալիցիոն ուժերի առաջարկը` նախապայմանով, որ սահմանադրական լիազորությունների իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ հատկացնի իր փորձը Հայաստանի երիտասարդ քաղաքական լիդերներին փոխանցելուն: