ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի և Լեհաստանի դեսպաններն առաջիկայում կքննարկեն ՀՀ քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտք գործելու հարցը։ Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին։
Լեհ սենատորներն այս հարցը քննարկել են հայ գործընկերների հետ, իսկ առաջիկայում կքննարկեն նաև ԵՄ գործընկերների հետ։
Մուտքի արտոնագրի դյուրացման գործում ոչ պակաս դեր կխաղա Հայաստանի և Եվրամիության ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Սենատորի խոսքով` Լեհաստանը Հայաստանի յուրօրինակ դեսպանն է Եվրամիությունում, և հայ խորհրդարանականները կարող են վստահ լինել, որ լեհ գործընկերները միշտ կսատարեն նրանց։