ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական կողմը հույս ունի, որ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և աշխարհի ամենախելացի քաղաքի` Սինգապուրի հետ վիզային ռեժիմի չեղարկումից հետո զբոսաշրջիկների հոսքը կկրկնապատկվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստան այցելած օտարերկրացիների թիվը մոտավորապես 1.5 մլն է կազմել, ինչը 18,7% շատ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 260 000 այցելու)։
Ըստ համաձայնագրի` նշված երկրների քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի և մինչև 180 օր մնալ այստեղ։
Հասանելի Հայաստան
Ապրեսյանի խոսքով` մեր երկրում զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը առաջնային են ոլորտի ներկայացուցիչների համար։
«Վիզաների չեղարկման մասին որոշումը բխում է համաշխարհային շուկաներում Հայաստանի հասանելիության մակարդակը բարձրացնելու և սահմանը հատելու ընթացակարգը թեթևացնելու` կառավարության ծրագրով նախատեսված գաղափարախոսությունից», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Այժմ օրակարգում է զբոսաշրջիկների հոսքը կրկնապատկելու հարցը (տարեկան մինչև 3 մլն)։ Այս կապակցությամբ մի շարք խնդիրներ պետք է լուծվեն, որոնք կհեշտացնեն օտարերկրացիների այցը մեր երկիր։ Հայաստանը պետք է ավելի մատչելի դառնա զբոսաշրջիկների համար։
Ուրախ ենք հյուրերին
Այս կամ այն պետության հետ վիզաների չեղարկման մասին որոշումը նշանակում է, որ մենք առանձնակի վերաբերմունք ունենք հատկապես զբոսաշրջիկների նկատմամբ։ Ապրեսյանի խոսքով` այդ հանգամանքը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում ճանապարհորդողների համար։
«Սինգապուրը զարգացած զբոսաշրջությամբ, հետաքրքիր տեսարժան վայրերով քաղաք-պետություն է, բայց չի նշանակում, որ նրա բնակիչները չեն ուզում աշխարհի մյուս երկրները տեսնել։ Ցանկացած երկրի բնակիչ մեծ հաճույքով մեկնում է ճանապարհորդության», — ավելացրեց նա։
Սակայն հայ-սինգապուրյան հարաբերությունները զարգանում են ոչ միայն զբոսաշրջային ուղղությամբ։ Բարձր մակարդակով համատեղ այցեր են սպասվում։
Վերջերս Հայաստանի կառավարության ղեկավարը Սինգապուրի գործընկերոջը հրավիրեց Հայաստան։ Թարման Շանմուգարաթնամը երախտագիտությամբ ընդունեց հրավերը։
Հայաստանը, ինչպես կարծում է զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչը, մեծ ներուժ, հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչը կարող է հետաքրքրել Սինգապուրի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի քաղաքացիներին։
Ի դեպ, անցյալ տարի հարավկորեական հեռուստաալիքներից մեկը Հայաստանի մասին ֆիլմ էր նկարահանել։ Նրանք շրջել էին գրեթե ամբողջ երկրով և այս տարի իրենց հեռուստատեսությամբ ցուցադրեցին 3 մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, հայտնեց Ապրեսյանը։
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստան առավել հաճախ այցելում են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիները։