ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Թբիլիսիի Իսանի շրջանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է քրեական աշխարհի ներկայացուցիչ Արամայիս Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։
2014 թվականին «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ, որոնք արվել էին լրագրողական հետաքննության ժամանակ։ Ընկերության տնօրեն Նիկա Գվարամիային հարցաքննության էին կանչել Գլխավոր դատախազություն։ «Различные акценты» հաղորդման ժամանակ հեռուստաալիքը հրապարակել էր կարճ ձայնագրություններ երկրի քաղաքական գործիչների ու գործարարների` Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի, Ուսուպաշվիլիի ու Գիգի Ուգուլավայի, Շալվա Օգաբիձեի ու գործարար Բեսո Գաբունիայի հեռախոսազրույցներից։
«Գրիգորյանի անունը հոլովվել է 2014 թվականի «Различные акценты» հաղորդման գաղտնի ձայնագրություններում։ Գրիգորյանը բանտերում տիրող իրավիճակի մասին զրուցում է քրեական հեղինակություն Գեորգի Ջոխաձեի հետ ու վստահեցնում, որ այնտեղ ամեն ինչ հսկողության տակ է», — ասվում է ռեպորտաժում։
Նշվում է, որ Գրիգորյանը գողական համայնքի անդամ է և մեղադրվում է շորթման մեջ։ Նրան ձերբակալել են այն պահին, երբ նա փորձել է մեկից 10 հազար դոլար շորթել։
Արամայիս Գրիգորյանը երկար ժամանակ եղել է բանտում, նա «նայող» է եղել։ Երկու տարի առաջ է ազատ արձակվել։
Նշենք, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է նաև Արամայիսի եղբայր Գրիգոր Գրիգորյանը։