ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսաստան Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Մեծ Բրիտանիայի գործողություններին և շուտով երկրից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից հետո, ըստ որի` Բրիտանիան 23 ռուս դիվանագետի կարտաքսի երկրից։
Մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապ ունի հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ։ Երկրից կարտաքսվեն 23 ռուս դիվանագետները, Բրիտանիան կդադարեցնի երկկողմանի շփումը Ռուսաստանի հետ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու։ Բրիտանիան նաև հետ է կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:
Լավրովը լկտի ու չապացուցված է համարել Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ մեղադրանքները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի գործողությունները խարխլում են երկու երկրների միջև առկա միջպետական երկխոսության գործընթացը։
ՌԴ ԱԳՆ-ն թշնամական ակցիա է համարել 23 ռուս դիվանագետներին Մեծ Բրիտանիայից աքսորելու նախաձեռնությունը` այն «անթույլատրելի և անարժան» քայլ անվանելով, որն արվել է «պարսավելի քաղաքական նպատակների» հասնելու համար։