ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը չի մասնակցի Միլանում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Russia Today-ը։
Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը հրաժարվել է մասնակցել մարտի 19-ին մեկնարկող մրցումներին։
18-ամյա մարզիկը նման որոշում է կայացրել բժշկական հետազոտությունից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի սպորտի վարպետ Իլյա Ավերբուխը, մարզիկը վիրահատության կարիք ունի, բայց բժիշկները խորհուրդ են տվել բաց թողնել մրցումները վիրահատությունից խուսափելու համար։
Ոտնաթաթի ցավերը Մեդվեդևային վաղուց են տանջում, իսկ նոյեմբերին մասնագետները վերջնական ախտորոշումն արեցին` ասելով, որ աջ ոտնաթաթի շրջանում ճաք կա։ Պատանի գեղասահորդուհին օլիմպիական խաղերին մասնակցելու համար ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել բոլոր մյուս մրցումներից։
Ռուսաստանցի գեղասահորդուհիները Հարավային Կորեայում լավ արդյունքներ ցույց տվեցին. Մեդվեդևան վերադարձավ 2 արծաթե մեդալով։
Սակայն հին վնասվածքը գլուխ բարձրացրեց նաև Օլիմպիադայից հետո։ Բժշկական հետազոտությունների արդյունքում գեղասահորդուհին որոշեց բաց թողնել Միլանում սպասվող գեղասահքի առաջնությունը։ Նրա որոշմանն աջակցեցին մի շարք բարձրաստիճան մարզական չինովնիկներ և մարզիչներ։
«Ժենյան մեր արևն է, մենք նրան շատ ենք սիրում և սատարելու ենք։ Նրա քաջությունն ամենաբարձր գնահատականի է արժանի», — նշել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը։
Իրավիճակը մեկնաբանել է նաև սպորտի վաստակավոր վարպետ Ավերբուխը։
«Շատ խելամիտ որոշում է, երբ բժիշկները նման խորհուրդ են տալիս։ Որևէ սարսափելի բան չի լինի, որ Ժենյան դադար վերցնի», — նշել է Իլյա Ավերբուխը։
Ռուսաստանի կանանց մենասահքի աշխարհի առաջին չեմպիոն Մարիա Բուտիրսկայան հույս է հայտնել, որ մրցման պրակտիկայի բացակայությունը կօգնի Մեդվեդևային տեխնիկապես հագեցնել իր ծրագրերը։
«Ժենյան լուրջ մարդ է և շատ աշխատասեր։ Նա չի ասի, թե հոգնել եմ, ԱԱ-ին սահել չեմ ցանկանում, ավարտելու եմ կարիերաս։ Դա նրան նման չէ», — նշել է Բուտիրսկայան։
Փհենչհանի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը Օլիմպիական խաղերի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել Օլիմպիական հաջորդ խաղերին։