ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ժենյա Մեդվեդևան ուրախացնում է հորը ոչ միայն սառույցի վրա փայլուն հաջողություններով, այլև իր հիասքանչ նկարներով, որոնցով նա արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել։ Այդ մասին Արման Բաբասյանը պատմել է «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։ Նա նաև հավելել է, որ աղջիկը մորից է ժառանգել իր հմայքը և համառությունը, բայց հոր կողմից էլ շատ գծեր ունի:
Եվգենյան ծնողներից նաև խաչ է ստացել։ Կնքահայրը հորեղբայրն է, կնքամայրը՝ մոր ընկերուհին։
Ինչպես պատմում է հայրը, Ժենյան դեռ մանկուց չարաճճի ու հետաքրքրասեր է եղել։
«Նրան հետաքրքրում էին բոլոր դարակները, արկղերը, մի խոսքով աղջկանիցս աչքը չէր կարելի կտրել։ Իսկ երեք տարեկանից Ժենյայի կյանքում առաջնայինը գեղասահքն էր», — պատմում է Արմանը։
Եվգենյայի մայրը՝ Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Նա սպորտից հեռացել է ծանր վնասվածքից հետո։ Իսկ հոր մասին միայն պատկերացում են կազմել աղջկա ազգանունից։
Թերևս Եվգենյայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է Հայաստանում։ Եվ դա բնական է, նա մեր հայրենակցուհին է: Տեղական գրեթե բոլոր ԶԼՄ-ները նրան Մեդվեդևա-Բաբասյան են անվանում։ Եվ Հայաստանում ամենից շատն են ցանկանում իմանալ, թե ինչու աղջիկը հոր ազգանունը չի կրում։
«Ես սպասում էի այդ հարցը։ Նա ազգանունը փոխել է (վերցրել է տատիկի աղջկական ազգանունը. խմբ) իմ համաձայնությամբ, և այդ պահին նման որոշումը ճիշտ էր։ Պետք չէ զարմանահրաշ, սրտաճմլիկ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրել, քանի որ նման բան չկա։ Ես ու Ժաննան բաժանվել ենք, բայց մեզ հաջողվել է ջերմ, ընկերական հարաբերություններ պահպանել։ Որպես Ժենյայի ծնողներ՝ մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք այժմ էլ։ Ուզում եմ ասել, որ Ժաննան հիանալի մայր է և շատ արժանի մարդ», — ասել է Արմանը։
Արմանը վաղուց չի ապրում կնոջ և աղջկա հետ, բայց այնքան շատ է երկրպագում աղջկան, որ չի կարողանում դիտել նրա ելույթների ուղիղ եթերները։
«Դա շատ ծանր է, ես լարվում եմ զգացմունքների առատությունից, չեմ ուզում նաև Ժենյային ավելորդ ապրումներ, հույզեր փոխանցել», — ասել է նա ։
Նա անգամ օլիմպիական մեկնարկից առաջ զերծ է մնացել դստեր հետ խոսելուց, որպեսզի ո՛չ ինքը հուզվի, ո՛չ դուստրը։
«Աղջկաս կարճ հաղորդագրություն եմ ուղարկել՝ ջերմ մաղթանքներով», — ասել է գեղասահորդուհու հայրը։
Նա աղջկան միշտ խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն ինքն է ուզում, որն իր սրտով է։ «Իսկ ես միշտ եղել եմ և կլինեմ նրա կողքին», — հավաստացրել է Արմանը: