ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը լրջորեն քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման հնարավորությունը: Այդ մասին Երևանում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերը:
Նա կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:
Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթերի բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընդլայնման համար:
Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, որը նույնպես իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթերի կազմակերպման հարցում: