ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Երևանից դուրս գործող գազալցակայաններն ու ռեստորանները տարիներ շարունակ համայնքի բյուջե հարկեր չեն մուծել կամ չնչին գումարներ են մուծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Իրավաբանական անձինք` ռեստորանները, սրճարանները, գազալցակայանները, տարիներ շարունակ համայնքների հետ պայմանագրեր չեն ունեցել ու հարկեր չեն վճարել կամ եթե վճարել են, շատ ցածր են վճարել»,- ասաց նա։
Բացահայտված ստվերային գործունեության դեպքերից մեկը վերաբերում է Լոռու մարզում գործող գազալցակայանին, որը համայնքի բյուջե ամսական 300 դրամ հարկ է վճարել։
«Մեկ բնակիչը վճարում է 200 դրամ, գազալցակայանը` 300»,- նշեց նախարարը։
Միայն 2017թ-ի ընթացքում մարզերում ստվերային բիզնեսի տասնյակ դեպքեր են բացահայտվել, և պետական մարմինների միջամտությամբ համայնքների հետ կնքվել է գույքահարկի, տեղական տուրքի, հողի և գույքի վարձակալության 18 600 պայմանագիր։ Արդյունքում համայնքների բյուջետային մուտքերը 2017թ-ին 2016-ի համեմատ ավելացել են 9.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով։
Հարկերից խուսափելու այս տարբերակը, սակայն, տարածքային կառավարման նախարարը հակված չէ միանշանակ տնտեսական հանցագործություն համարել։
«Սա ավելի շուտ մեր համայնքներում պայմանագրային ձևերի բացակայության, կանոնակարգման խնդիր է։ Ինչու ոչ, հնարավոր է նաև` տեղեկացված լինելով չի գանձվել»,- ասաց նա։
Անցյալ տարի համայնքներում նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նաև բազմաթիվ գյուղերի բյուջեներում առաջացած ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձային պարտքերի առեղծվածը։
Պարզվում է` գյուղապետներն իրենց աշխատանքային տարիների ընթացքում արձակուրդ չեն գնում, իսկ երբ չվերընտրվելու դեպքում ցած են դնում լիազորությունները, որպես վերջնահաշվարկ համայնքի բյուջեից միանգամից միլիոններ են ստանում` դժվար ֆինանսական կացության մեջ թողնելով համայնքը։
Լոքյանը վստահեցրեց, որ այս կարգի նկատմամբ ևս խիստ հսկողություն է սահմանվել. Գյուղապետներն այսուհետ ամեն տարի ստիպված կլինեն արձակուրդ վերցնել։
Համայնքային բյուջեների ու բնակիչների համար մեծ աջակցություն են նաև միջազգային տարբեր կառույցներից տրամադրվող դրամաշնորհներն ու վարկերը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տրամադրած տվյալներով` անցած տարի տարածաշրջանային զարգացման տարբեր միջազգային ծրագրերով, ՀՀ համայնքներն ու ծրագրերն իրականացնող ՀԿ-ները ստացել են շուրջ 5 մլն եվրո գումար։
Այս գումարի շրջանակում Գեղարքունիքի ու Սյունիքի մի քանի գյուղեր գյուղտեխնիկա են ձեռք բերել, Կապանի քաղաքապետարանը պլաստիկ թափոններից պետք է սկսի շինանյութ արտադրել, Դիլիջանում ու հարակից համայնքներում պետք է ճանապարհային տաղավարներ տեղադրվեն, Տավուշում պետք է արևային էլեկտրակայան, կաթի վերամշակման գործարան կառուցեն ու ցեղական կովեր և ոչխարներ բուծեն, ինչպես նաև` ֆինանսական աջակցություն տրամադրեն համայնքներում ծնված նոր բիզնես գաղափարներին։