ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ստիպել Հայաստանի հանքշահագործող ընկերություններին վերամշակել իրենց գործունեության արդյունքում առաջացած ու կուտակված թափոնները։ Նման դրույթ է նախատեսված այսօր կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարության» նախագծում։
Նախագիծը մշակել են ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության նախարարությունները։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարության նիստում ներկայացնելով այն` հիշեցրեց, որ ներկա օրենսդրությունը նման պահանջ չի ներկայացնում հանքշահագործողներին, ինչի արդյունքում, ըստ նախարարի, ՀՀ տարածքում այսօր առկա 22 պոչամբարների վերամշակման ու հետագա կառավարման խնդիրներն արդեն օրախնդիր են։