ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համապատասխան մասնագետներ են ժամանել Վրացական փողոց և հետազոտություն են անցկացնում` ստուգելով շենքի կրող կոնստրուկցիայի վիճակը։ Վրացական 10 հասցեում փլուզված շենքի մոտ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Հրավիրվել են համապատասխան մասնագետներ, Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպության անդամներ, ստեղծվել է մասնագիտական խումբ, որը փլուզված վայրում պետք է կատարի թե՛ ակնադիտական, թե՛ մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, շենքի, միջնահարկերի, աստիճանավանդակի ամբողջ վիճակը»,- ասաց նա:
Պայթյունից տուժել են հարակից շենքներն ու ավտոմեքենաները։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում է հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները։
Փոխքաղաքապետի խոսքով` ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այդ շենքում։
«Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն դրա հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք, բայց այն դեպքում, եթե հաստատվի, որ անվտանգությունը երաշխավորված չէ»,- ասաց նա:
Արեյանը նշեց, որ շենքի մուտքում 14 բնակարան կա, որոնցից չորսն են վնասվել։ Հիմնական վնասը կրել է այն բնակարանը, որտեղ փլուզում է եղել, վերևի և դիմացի բնակարանները։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: