ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը` Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր և մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին` հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն` Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»:
Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել: Արամ Սիմոնյանի խոսքով` ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել և որդուն ազատել բանակից: Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Նրա սպանության կասկածանքով ձերբակալվել էին կինը և որդին` 23–ամյա Նորիկ Սիմոնյանը։