ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Բելառուսում ընթանում է հայ վարորդի դատավարությունը։ Գործարար Էրիկն իր վարած «Լեքսուս» ավտոմեքենայով Գոմելում մահացու վրաերթի է ենթարկել տեղի ձեռնարկություններից մեկի ինժեներին։ Իսկ 2013 թվականին նրա վարած «Մերսեդեսը» մի աղջկա է մահացու վրաերթի ենթարկել։
Այն ժամանակ վարորդին հաջողվել է խուսափել պատժից. «հանցագործության բացակայության» պատճառով քրեական գործը կարճվել է։ Հետաքննությունը համարել է, որ աղջիկն է մեղավոր եղել։ Մահացած Ալեսյայի մայրն այս անգամ ևս ներկայացել է Էրիկի դատավարությանը, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ինչպես պատմել է կինը, ողբերգական ՃՏՊ-ի օրը վարորդն առաջին հերթին ոչ թե «շտապօգնություն» է զանգահարել, այլ իր ծանոթ ոստիկանին։
«Մենք ոչնչի չկարողացանք հասնել, և միայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ Դմիտրիի մահվան պատճառով, ինձ զանգահարեցին և ասացին, որ կվերսկսեն նաև իմ գործը», — ասել է նա։
Էրիկը դատարանում հայտարարել է, որ նոր հանցագործության մեղավորությունը լիովին ընդունում է։
Ահա թե ինչ է տեղի ունեցել։ Միջադեպից մեկ օր առաջ Էրիկը գնացել է զվարճանալու և տուն է վերադարձել լուսադեմին։ Մի քանի ժամ է քնել, որովհետև աշխատանքի հետ կապված բազում զանգեր է ստացել։ Հաջորդ օրը նույնպես չի կարողացել քունն առնել, բայց կիրակի լուսադեմին որոշել է ակումբ գնալ։
Ճանապարհին անընդհատ խոսել է հեռախոսով, բայց պնդում է, որ ՃՏՊ-ից առաջ անջատել է հեռախոսը։ Գոմելի կենտրոնում առավոտյան ժամը 5-ին 103 կմ/ժ արագությամբ սլանալիս նա չի նկատել չաշխատող լուսացույցի մոտ գտնվող հետիոտնային անցումը հատող Դմիտրիին։ Էրիկն առանց ակնոցի է եղել, թեև նրա հիվանդության դեպքում ակնոց դնելը պարտադիր է ավտոմեքենա վարելիս։
Դատավարությանն այժմ ուշադիր հետևում են ոչ միայն Դմիտրիի գործընկերները, այլև բարեկամները` կինը, մայրը, եղբայրը։ «Ամբողջ քաղաքը գիտի, թե Էրիկն ինչ բիզնեսով է զբաղվում. նրան է պատկանում Ճանապարհային ոստիկանության տարածքում գտնվող կրպակը, որտեղ թեյ, սուրճ և կարկանդակ են վաճառում», — պնդում են Դմիտրիի հարազատները։
Էրիկի վարած Lexus IS250 մակնիշի ավտոմեքենան մոտավորապես 15-20 հազար դոլար արժի։ Մեղադրյալն ասել է, որ գումարի կեսն է դեռ վճարել, այդ պատճառով էլ ավտոմեքենան փաստաթղթերով իրեն չի պատկանում։