ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ Ադրբեջանը «անուրջների գրկում» է, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի գործընկեր Ռումեն Ռադևի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնել այնտեղ»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։
Ըստ Սերժ Սարգսյանի` ընտրությունների արտահերթ անցկացման պատճառների մասին գիտեն միայն Ալիևն ու մի քանի մարդ։ ՀՀ նախագահը չի կարծում, որ պատճառը կարող է լինել արցախյան հակամարտությունը հնարավորինս արագ լուծելու ձգտումը։
«Ադրբեջանը նախորդ տարիներին մի շարք հնարավորություններ ուներ հակամարտությունը խաղաղ լուծելու համար։ Սակայն նրանց գործողությունները հանգեցրին նրան, որ այսօր մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին», — ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում անկախ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից, արցախյան հակամարտությունը կարող է լուծում ստանալ միայն մի դեպքում. եթե Ադրբեջանը հրաժարվի իր մաքսիմալիստական, անիրատեսական սպասումներից։
«Մինչ այդ, քանի դեռ Ադրբեջանը շարունակելու է մնալ անուրջների գրկում և զառանցել Երևանն ու Զանգեզուրը զավթելու մասին, մենք չենք կարող հույս ունենալ, որ հակամարտությունը կարող է լուծվել», — ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններն ավելի ինտենսիվ դարձնել, թուլացնել լարվածությունը և հարցի լուծման հասնել։
ՀՀ նախագահը երախտիքի խոսքեր ասաց Բուլղարիայի նախագահին արցախյան հակամարտության վերաբերյալ հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար։ Նրա խոսքով` Սոֆիան միշտ աջակցել է ԵՄ դիրքորոշմանը և կողմ է հանդես եկել հակամարտության խաղաղ լուծման համար։
ՀՀ նախագահը նշեց, որ Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Բուլղարիայի նախագահի` Բաքու կատարած այցի ժամանակ նրանք շնորհակալություն են հայտնել Սոֆիային հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշման համար, սադրանք է։
Բուլղարիայի նախագահն իր հերթին հայտնեց, որ արցախյան հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, համանախագահների միջնորդությամբ և ԵՄ-ի աջակցությամբ։
Նա նշեց, որ բանակցություններում կարևոր դեր պետք է խաղա երկու երկրների նախագահների երկխոսությունը, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն ոչ թե զգացմունքներով, այլ խոհեմությամբ։