ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Փաստաբաններին վարչական պատասխանատվության ենթարկող իրավակարգավորումը զսպաշապիկ է փաստաբանների համար, բայց ոչ վերջնագիր։ Հայ փաստաբանները չեն հուսալքվում ու վստահ են, որ վաղ թե ուշ օրենքը փոխվելու է։ Իսկ մինչ այդ իրենք շարունակելու են պայքարել։
«Մենք գիտենք, վստահ ենք, որ ինչ– որ պահի, հանգիստ պայմաններում, ոչ թե թուր ճոճելով, այլ գործ անելով, հասնելու ենք հաջողության»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը։
Գործող օրենսդրությամբ փաստաբանի նկատմամբ դատավորի կիրառած սանկցիան ներկայացվում է փաստաբանների պալատ, ըստ որի` հարուցվում է կարգապահական վարույթ, փաստաբանների պալատի խորհուրդը լսում է փաստաբանի և դատավորի բացատրությունները միջադեպի վերաբերյալ, էլեկտրոնային կրիչի միջոցով ուսումնասիրում տեղի ունեցածի հանգամանքները, ապա որոշում կայացնում փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին։ Ընդ որում` եթե նոր օրենքով տուգանքը մինչև 100000 դրամ է, ապա գործող կարգով դրա առավելագույն չափը կրկնակի է։
Նոր իրավակարգավորմամբ` փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը կայացվելու է հենց դատարանում` դատավորի նախաձեռնությամբ։
«Մեր մտավախությունն այն է, որ հիմա դատավորը միանձնյա հուզական որոշում կարող է կայացնել»,– ասաց Ասատրյանը։
Հիշեցնենք, Ազգային ժողովը փետրվարի 8-ին բուռն քննարկումներից հետո ընդունեց «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և դրանում ներառեց վերոնշյալ իրավակարգավորումը, որով դատավորին իրավասություն է տրվում վարչական պատասխանատվության ենթարկել և տուգանել դատավարության մասնակիցներին` փաստաբաններին, դատախազներին, քննիչներին` դատարանին վիրավորելու կամ ոչ պատշաճ վարք դրսևորելու համար։
Տուգանքի չափը կարող է հասնել մինչև 100 հազար դրամի։
Սեդրակ Ասատրյանի խոսքով` փաստաբանները համաձայն են նույնիսկ ավելի մեծ տուգանքներ վճարել, միայն թե վստահ լինեն, որ հայաստանյան դատարաններն ու դատավորներն անկողմնակալություն կցուցաբերեն։
«Յոթ տարի հետո, տասը տարի հետո, կախված այն բանից, թե մեր դատական համակարգը քանի տարում կզարգանա, մենք դեմ չենք լինի նման իրավակարգավորմանը` անգամ եթե ավելի խիստ պատիժ կիրառվի»,– նշեց Ասատրյանը։
Մինչև օրենքի ընդունումը փաստաբանները ներկայացված իրավադրույթի դեմ իրենց բողոքն արտահայտեցին գործադուլով, բայց անարդյունք։
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականից:

