«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր, բայց դրանց մի մասի մասին չեն հայտնել ո՛չ Ոստիկանությանը, ո՛չ էլ բնապահպանության և ընդերքի տեսչությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը։
«Լուսանկարներն արվել են դեպքի վայրում, այն պահին, երբ ազգային պարկի աշխատակիցները պետք է գրանցեին հայտնաբերվածն ու այդ մասին տեղեկացնեին համապատասխան մարմնին: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցներից մեկը գրանցում խախտումը։ Երևում է նաև գրանցամատյանը, ինչը ենթադրում է, որ հայտնաբերված կոճղերը պետք է նաև համարակալվեին»,- ասաց նա։
Նախնական տվյալով` հատվել է 2-3 տասնյակ ծառ, հիմնականում` կաղնի, բոխի և թխկի։
Նարինե Կիրակոսյանի տեղեկություններով` «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը ոչ միայն տեղյակ է եղել խախտումների մասին, այլև ներկա է եղել դրանց արձանագրման գործընթացին, բայց պնդում է, որ հատված տարածքներն իրեն հանձնված պահպանվող տարածքից դուրս են։