ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիշեցրել է Ադրբեջանի զբոսաշրջության «զարգացման» իր ներդրման մասին։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
«Ադրբեջանի հյուրանոցների միության նախագահը երկրի ղեկավարությանը կոչ է արել Ալեքսանդր Լապշինին պարգևատրել Հեյդար Ալիևի անվան շքանշանով` Բաքվի հյուրանոցների հավաքարարների աշխատանքը թեթևացնելու համար. ինչքան քիչ են զբոսաշրջիկները, այնքան ավելի հեշտ է մաքրություն անել։ Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկությունն ընդունել են բուռն ծափահարություններով, որոնք օվացիայի են վերածվել, բացականչել են «Փառք Լապշինին»»։
Բլոգերը նշել է, որ Ադրբեջանի զբոսաշրջությունը «զարգացնում» է` պատմելով կալանավայրում ապրած ստորացումների մասին։
2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։