ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի բնակիչներն անցյալ տարի 2016 թվականի համեմատ օնլայն խանութներում 1,9 անգամ ավելի գումար են ծախսել։
Ընդ որում, գնման կտրոնի միջին գումարը կրկնակի աճել է` հասնելով մինչև 6123 դրամի։ Նման եզրակացության են եկել Յանդեքս.Դրամարկղի վերլուծաբանները` ուսումնասիրելով վճարային համակարգերով (էլեկտրոնային դրամապանակ, բանկային քարտեր և այլն) կատարված օգտատերերի վճարումների տվյալները։
Հայտնում են, որ ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Գորիսի, Կապանի և ՀՀ այլ քաղաքների բնակիչների վճարումները։
«Ավելի շատ համացանցում հայ օգտատերերի շրջանում աճել է գաջեթների և կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև կոսմետիկայի և օծանելիքի պահանջարկը` համապատասխանաբար 6.5 և 5 անգամ։ Զգալիորեն աճել են սննդամթերքի (4 անգամ), տան և ամառանոցի համար նախատեսված պարագաների (3.8 անգամ), մանկական ապրանքների (3.5 անգամ), գրքերի (2.3 անգամ), ավտոպահեստամասերի և աքսեսուարների (1.2 անգամ) առցանց պատվերները։ Իսկ հագուստի, կոշիկի և աքսեսուարների, ինչպես նաև հուշանվերների գնումների քանակը հակառակը` քչացել է. համապատասխանաբար 13%–ով և 10%–ով», – գրված է հաղորդագրության մեջ։
2017 թվականին Հայաստանի օգտատերերից մեկը միջինում օնլայն գնումների վրա 30 021 դրամ է ծախսել։ Ինչը 2.1 անգամ ավել է, մեկ տարի առաջ նրա ծախսած գումարից։
«Ամենաշատը միջինում ծախսել են գաջեթների և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար` 56 641 դրամ (2016 թվականին` 23 133 դրամ)։ Ավտոմեքենայի պահեստամասերի և աքսեսուարների համար միջինում միանգամից 35 975 դրամ են ծախսել (2016 թվականին` 14 203 դրամ)։ Դիմահարդարման պարագաների և օծանելիքի միջին գնման կտրոնը կազմել է 33 083 դրամ (2016 թվականին` 33 168 դրամ)», – գրված է հաղորդագրության մեջ։
Անցյալ տարի ամենաշատ օնլայն գնումները կատարել են գյումրեցիները. նրանց ծախսերը միջինում 2016 թվականի համեմատ 3,2 անգամ աճել են։ Երևանի բնակիչների ծախսերն ավելացել են 1,9 անգամ, Աբովյանինը` 1.5 անգամ, Արմավիրինը` 1.2 անգամ, Վանաձորինը` 1.1 անգամ։
Ամենաշատը միջինում նույնպես Գյումրիի օգտատերերն են ծախսել` 6378 դրամ (մեկ տարի առաջ` 2381 դրամ)։ Ուսումնասիրության մեջ հաշվի է առնվել 2016 և 2017 թվականին արված Հայաստանի բնակիչների վճարումները։