ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ էր ստացվել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, նորածին երեխա ka: Իգական սեռի երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, ով Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.:
Նախնական քննության տվյալներով` կինը ծննդաբերել է 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 04:00-05:00 սահմաններում, տնային պայմաններում, ինչից հետո էլ երեխային թողել է Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող այգում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նորածնի մորն այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում), և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: