Դրանով, հիմնականում զբաղվում են հանրապետության լրատվամիջոցները։ Ոչ բոլորն, իհարկե։
Այնպիսի տպավորություն է, որ աշխարհում ու երկրում ավելի կարևոր ու կենսական հարց չկա, մնում է միայն իմանալ` ում թեկնածություններն է իշխող կուսակցությունն առաջադրում նախագահի ու վարչապետի պաշտոնների համար։ Ինչքան ուժ ու եռանդ են տվել մեր ԶԼՄ–ներն այդ կենսաթրթիռ խնդրին, երևի նրանք ոչ մի թեմայի շուրջ այդքան չեն մտահոգվել, ինչքան այս։
Հիմա թեման կիսվել է, քանի որ ապագա նախագահի անունը նշվել է ու թափուր է մնացել միայն վարչապետի աթոռը։ Նախագահի թեկնածուի վերաբերյալ կրքերն ասես հանգստացան, հիմա ահավոր ուզում են երկրորդ մասն իմանալ։
Հետաքրքիր է` ինչի՞ համար։ Ինչի՞ համար է ԶԼՄ–ներին պետք, որ իշխող կուսակցությունը հնարավորինս շուտ նշի ապագա վարչապետի անունը։ Երևի` Հայաստանի բնակչության կեսը շատ լավ գիտի այդ անունը, իսկ մյուս կեսը խորապես անտարբեր է։
«Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն ու դրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը իրավունք ունեն ձևավորել կառավարությունն այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն», – այսպես է լրագրողներին ասել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի` ՀՀԿ նիստից հետո։
Ի՞նչն է դեռ անհայտ մնացել։ Ամեն դեպքում նախագահ է դառնալու իշխանության թեկնածուն, հատկապես, նոր համակարգով։ Նախկինում, երբ քվեարկությունն ուղիղ ու ժողովրդական էր, կարելի էր քարոզել, կաշառել, ինչ-որ հետաքրքրություն կար։ Իսկ հիմա՞։
Իսկ հիմա այդ անունն, ամենայն հավանականությամբ, հայտնի է։ Ու եթե նույնիսկ ՀՀԿ–ում որոշեն զարմացնել ԶԼՄ–ներին, ու ուրիշ անուն ասեն, ամեն ինչ նույնը կմնա։ Ե՛վ ներքին ու արտաքին քաղաքականության, և՛ տնտեսական ուղղվածության, և՛ առօրյա կյանքի առումով։ Ոչ մի հեղափոխական բան պետք չէ ակնկալել, դա հաստատ է։
Եվ ընդդիմությունը լավ գիտակցում է, որ «հանրապետական» կուսակցության թեկնածուին հակադրելու մարդ չունի և տեխնիկապես էլ չի կարող։ Ինչի համար է պետք այդպիսի աղմուկ բարձրացնել մի հարցի շուրջ, որն, ըստ էության, արդեն լուծված է։
Ստացվում է, որ մեր լրատվամիջոցներն էլ գրելու ու խոսելու թեմա չունե՞ն։ Որոշ լրագրողներ օրեցօր նույն շաբլոն հարցն են տալիս տարբեր ՀՀԿ–ականներին։ Ու նույն կարծրատիպային պատասխանն են ստանում, դեռ չենք քննարկել, բայց երբ քննարկենք, անպայման, բոլորին կտեղեկացնենք, համբերությամբ զինվեք։
Սպասում եմ` երբ պատասխանողների շարքում մի հումորով մարդ կհայտնվի ու կպատասխանի, որ այո, արդեն որոշել ենք, բայց ձեզ չենք ասի, տանջվենք` գուշակեք։
Չէ՞ որ պարոն Շարմազանովն ու մնացածն ամեն օր կրկնում են, որ իշխանությունը` ի դեմս ՀՀԿ–ի ու Դաշնակցության, ՀՀ ԱԺ–ում 105–ից 65 մանդատին է տիրապետում, ինչը թույլ է տալիս կառավարությունը ձևակերպել այնպես, ինչպես գտնում են ճիշտ։
Սակայն վաղը թերթերում ու կայքերում կրկին կկարդանք, որ իշխող կուսակցությունը վերջին օրվա ընթացքում բարի չի եղել հայտնելու` ով է վարչապետ դառնալու։