ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Արսենալը» վաղուց էր փորձում «որսալ» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, դեռ այն ժամանակից, երբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չէր խաղում, հայտնել է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը, որի ասածը մեջբերում է Skysports-ը։
Մասնագետը խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շրջանում։ Նրա խոսքով` «այն ժամանակ մենք մոտ էինք (գործարքին), սակայն չստացվեց»։
Ինչ վերաբերում է Մխիթարյանի ապագային «Արսենալում», Վենգերը նշել է, որ փոքր-ինչ մտահոգում է հայ կիսապաշտպանի կարիերայում «մանչեսթերյան անհաջող շրջանի» հավանական հետևանքը։
«Իհարկե, մտահոգում է այն, թե ինչպես է դա անդրադարձել Մխիթարյանի վրա։ Սակայն սա նրա համար նոր հնարավորություն է։ Այն ամենը, ինչ ձեզ պետք է կյանքում, երկրորդ հնարավորությունն է։ Համոզված եմ Մխիթարյանի որակական հատկանիշների հարցում, և նա կօգտագործի այդ հնարավորությունը», — ասել է Վենգերը։
Մարզիչը մտադիր է Մխիթարյանի ֆուտբոլային կարողություններն օգտագործել խաղային տարբեր դիրքերում։
«Նա կարող է տարբեր դիրքերում խաղալ։ Անձամբ ես նրան, առաջին հերթին, տեսնում եմ եզրային հարձակման մեջ, բայց մտածում նաև կենտրոնում խաղալու մասին», — ասել է Արսեն Վենգերը։
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։
Մխիթարյանը «Արսենալի» կազմում հանդես է գալու 7 համար ներքո և շաբաթական 180-200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու։