ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռեստորանային բիզնեսով զբաղվող, բրենդ-շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար Գայանե Բրեիովան գալիս է հարազատ քաղաք` Երևան։ Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում։
«Ուռա, ուռա, ուռա։ Ես գալիս եմ Երևան ջան։ Սա իմ կյանքի առաջին ամառն է ու իմ կյանքի առաջին տարին, որի ընթացքում ես իմ քաղաքում չեմ եղել, այդ պատճառով էլ առանձնահատուկ եմ կարոտել», — նշել է նա։
Մոսկվայում մի քանի ռեստորանների սեփականատերը նաև ասել է, որ Հայաստանի մայրաքաղաքում ինկոգնիտո զբոսանք կկազմակերպի։
«Հ.Գ. Երևանում անցկացրած օրերից մեկի ընթացքում ես կանջատեմ հեռախոսս, կեղծամ կդնեմ, շիկահեր կդառնամ ու կզբոսնեմ բոլոր այն փողոցներով, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ պարել եմ, կներծծեմ իմ կախարդական քաղաքի անհավանական էներգիան», — գրել է նա։
Գայանե Բրեիովան մեծ դեր ունի հայկական խոհանոցի տարածման գործում, նա նաև բուսակերության ջատագովներից է։