Խաչիկ Չախոյան, Sputnik.
Մխիթարյանի տրանսֆերը «Արսենալ» արդեն շատ մոտ է ավարտին: Ճիշտ է, դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին, սակայն այն որ Հենրիխն արդեն Լոնդոնում է՝ նշանակում է, որ տրանսֆերի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են:
Իր տարեդարձի նախօրեին Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Անգլիայի մայրաքաղաք, որտեղ բուժզննում կանցնի «Արսենալում» և պաշտոնապես կդառնա «զինագործ»: Մխիթարյանի տեղափոխությունը Մանչեսթերից Լոնդոն բավականին երկար ձգձգվեց, քանի որ հայ ֆուտբոլիստն ու լոնդոնյան թիմը բանակցություններ էին վարում պայմանագրի ու աշխատավարձի շուրջ:
Հիմա արդեն բրիտանական լրատվամիջոցները միաբերան նշում են, որ Հենրիխը դառնալում է «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Բայց սա միակ կարևոր հանգամանքը չէ Մխիթարյանի համար: Մեր հավաքականի ավագը վերջապես խաղաժամանակ կստանա, ինչի կարիքը հայ ֆուտբոլիստը զգում էր «Մանչեսթեր Յունայթեդում» վերջին երկու ամիսների ընթացքում:
«Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցրեց երկու ֆուտբոլիստների՝ Ալեքսիս Սանչեսը մեկնեց Մխիթարյանին հակառակ ուղղությամբ՝ «Յունայթեդ», իսկ Թեո Ուոլքոթն էլ արդեն «Էվերտոնի» ֆուտբոլիստ է: Նրանց փոխարեն «Արսենալի» մարզաշապիկը մոտ օրերս պաշտոնապես կստանան Հենրիխ Մխիթարյանն ու, ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, Պյեր Էմերիկ Օբամեյանգը:
Եթե Օբամեյանգի տեղափոխությունն էլ իրականանա, ապա Դորտմունդի «Բորուսիայի» նախկին երկու ֆուտբոլիստները (Հենրիխն ու Պյերը)՝ Արսեն Վենգերի ղեկավարությամբ, պարզապես վերհիշելու են իրենց համագործակցությունը, իհարկե, արդեն «Արսենալի» մարտավարության շրջանակներում:
Բայց ինչպես ասում են՝ չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Հենրիխի համար շատ կարևոր օր է այսօր: Բացի ծննդյան օրվանից, հայ ֆուտբոլիստն իր մարզական կարիերային շատ կարևոր հատվածում է, և հուսանք, որ նրա՝ «Արսենալ» տեղափոխությունը բեկումնային կլինի Անգլիական Պրեմիեր լիգայում: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ու ցանկանում նոր հաղթանակներ ու նոր նվաճումներ: