ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Մինո Ռայոլան մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքը, հաղորդում է The Sun–ը։
Իր հերթին, հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չի դառնա։
«Ահա ինչպես եմ դա հասկանում։ Ինձ դուր է գալիս ֆուտբոլիստը, աշխատավարձը խոչընդոտ չի դառնա», – ասել է նա։
Հաղորդվում է, որ իտալացի գործակալը մտադիր է քննարկել Մխիթարյանի պայմանագրի մանրամասները։ Բանակցությունները շարունակվում են և մոտ են ավարտին։
Նախօրեին բրիտանական ԶԼՄ–ները հաղորդել են, որ Հենրիխը քննարկել է անհատական պայմանագրի պայմանները` համաձայնելով տեղափոխվել «Արսենալ»։
Նախնական տվյալներով` Մխիթարյանը «Արսենալում» կստանա շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ` գումարած բոնուսները։ Պայմանագիրը ստորագրվում է չորս տարի ժամկետով։