ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 18-ին, առավոտյան 09։20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի ավտոճանապարհին։ Բախվել են ՎԱԶ 2107 և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՊՆ-ից, «Ուրալը» պատկանում է զինված ուժերին և վթարի պահին զինծառայողների է տեղափոխել։
Զինծառայողները վթարից չեն տուժել։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՎԱԶ 2107-ում գտնվող 3 անձանցից 2-ը` Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել են, մեկը` էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Ոչ պաշտոնական տվյալներով, վթարի հետևանքով մահացածները հայր ու որդի են։ Վթարից տուժած ընտանիքը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է։ Հայրը` Մարտիկ Հովհաննիսյանը, 77 տարեկան էր, որդին` Արշակ Հովհաննիսյանը` 31 տարեկան։
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ 2 և ավելի մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։